06/09/2023 20:04
«Թող ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները գան, տանենք մեր Եռաբլուրը»․ Ալեն Սիմոնյանը դժգոհ է «տարածաշրջանի պաշտպանողական համակարգից»
Հայաստանը չէ, որ վատացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ռուսաստանն այսօր ուղղակի դուրս է գալիս մեր տարածաշրջանից, փորձում է մեր տարածաշրջանը սակարկման առարկա սարքել Թուրքիայի հետ իր տնտեսական շահերը առաջ տանելու համար, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ արդյոք Հայաստանը գնում է դեպի ՆԱՏՕ՞, Սիմոնյանը պատասխանել է՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պետք է «բարի գտնվեն», իրենց պարտավորությունները կատարեն, «սուրբ տեղն էլ դատարկ չի մնում»։ Իսկ թե ումով են ուզում լցնել այդ դատարկ տեղը, Սիմոնյանը պատասխանել է.
«Մեկ է՝ ումով, միայն մենք մեր ժողովրդին, մեր սահմանը կարողանանք պաշտպանել: Այնպես չլինի, որ դրա պատճառով հետագայում տուժենք, բայց այսօր ակնհայտ է, որ այն պաշտպանողական համակարգը, որը մենք պատկերացնում էինք, որ կա մեր տարածաշրջանում, չի գործում: Թող ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները գան, տանենք մեր Եռաբլուրը, տանենք Ծիծեռնակաբերդը, տանենք այն ընտանիքները, որտեղ ամեն օր երեխա է մեռնում: Էդ ինչե՞ր են խոսում, էդ ո՞ւմ են ուզում խաբած լինեն»:
Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, որն արդեն ուղարկվել է ՀՀ ԱԺ վավերացմանը, Ալեն Սիմոնյանն ասել է, որ այն, ամենայն հավանականությամբ, կվավերացվի։