06/09/2023 19:35
Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. Կայացավ հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը
Հայ Գործարարների Ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության և Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի հետ սեպտեմբերի 5-ին Երևանում անցկացրեց հայ-Իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։
Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ Գործարարների Ասոցիացիայի և Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի միջև կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։
Այսուհետ ցանկացած հայ գործարար, լրացնելով հայտադիմում https://www.armassociation.com/hy/partners կայքում և նշելով, թե իտալական որ ընկերության հետ է ցանկանում աշխատել, կարող է օրերի ընթացքում ուղիղ կապ հաստատել տվյալ գործընկերոջ հետ։
Ֆորումին ելույթ են ունեցել ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի նախագահ Ֆերդինանդո Պելացոն, Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը իր խոսքում նշեց իտալա-հայկական տնտեսական հարաբերությունների զգալի աճի մասին.
«Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 200․0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41․0%-ով»
Միջոցառմանը ներկա գտնվեցին 180 հայ և առցանց միացած 100-ից ավելի իտալացի գործարարներ։
Միջոցառումը անցկացվեց «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: