07/09/2023 09:53
Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ հատկապես Արցախի պարագայում դրանք առավել վտանգավոր են այն պատճառով, որ, չնայած ըստ Արցախի Սահմանադրության, նախագահի հրաժարականից հետո այդ պարտավորությունը ժամանակավորապես դրվել է ԱԺ նախագահի վրա, սակայն ամեն դեպքում անցումային ժամանակահատված է, նախագահի ընտրությունը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից և դրսիչ քիչ չեն:
«Անշուշտ, Ադրբեջանն էլ պատահական չի ընտրել ակտիվացման ժամանակը և այս օրերին նաև այս ձևով հսկայական ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ:
Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձևավորել ուժի կիրառման համար և պատահական չէ նրա ԱԳ նախարարի և նախագահի` արտաքին հարցերով օգնականի բառապաշարի կտրուկ կոշտացումը:
Արցախն ու արցախցին դիմակայում են սովին, տոտալ բլոկադային, անորոշությանը, դավաճանությանը ու դրա դիմադրության ռեսուրսը ստեղծված ծանր իրավիճակում շարունակվում է մաշվել:
Այս տեսանկյունից առանձնապես տեսանելի չէ միջազգային դերակատարների գործուն ջանքերը` կանխելու արցախյան բլոկադան ու նրա դեմ հնարավոր ագրեսիան:
Իսկ հայաստանյան իշխանությունների մասին արդեն ամեն ինչ պարզ է ու ամեն ինչ ասված»,- նշել է Աբրահամյանը։