07/09/2023 14:01
ՊԵԿ-ն ամեն ինչ արել է, որ Wildberries-ը որևէ հարցում որևէ առավելություն չունենա. Բադասյան (Տեսանյութ)
Հարցը այն մասով, որ կարող է կպված լինել ՊԵԿ-ի հետ, մենք անցած տարի լուծել ենք, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տնտեսվարողների բողոքին՝ կապված Wildberries-ից գնումների հետ, ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ անցած տարի ՊԵԿ-ն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի մասով ոչ թե գործի ռեզիդենտության երկրի կանոնը, այլ սպառման երկրի կանոնը. «Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Wildberries-ը այս տարվանից առաջ հայ սպառողներին ապրանք ներկրելուց ԱԱՀ չէր վճարում, իսկ այս տարվանից սկսած վճարում է: Այսինքն, մրցակցության վրա ազդեցությունը, որը կարող էր ունենալ հարկեր չվճարելու տեսքով, մենք անցած տարվանից դա ֆիքսել ենք: Ավելին, մենք հետևել ենք, որ որևէ առումով որևէ առավելույուն չունենա այդ ընկերությունը և տարվա սկզբից վերլուծական աշխատանքներ ենք տարել և 3.2 մլրդ-ի վերականգնում ենք ունեցել բոլորովին վերջերս»:
Բադասյանը ավելացրեց, որ ապրանքների մաքսային արժեքների որոշման որոշակի մեխանիզմներ կան. «Ներկայացնում են իրենց համապատասխան փաստաթղթերը և դրանց հիման վրա կատարվում է մաքսազերծումը»:
Լրագրողնեի այն դիտարկմանը, թե տնտեսվարողները դժգոհում են, որ ՊԵԿ-ը խեղդում է ՓՄՁ-ներին, Բադասյանը զարմացավ. «Ինչով է դրսևորվում ՓՄՁ-ներին խեղդելը»: