07/09/2023 17:21
Վահագն Խաչատուրյանը Նիդերլանդներին ու ԵՄ-ին շնորհակալություն է հայտնել «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի անշեղ ընթացքին» սատարելու համար
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հաղորդագրությունում նշված է․
«Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որ կատարել եք, ինչպես նաև այն ջանքերի համար, որոնք ներդրել եք հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման համար»:
Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ասել է. «Պարոն նախագահ, շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Իմ դիվանագիտական առաքելությունը մոտենում է իր ավարտին, և իմ շնորհակալությունն եմ հայտնում մեր համագործակցության համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև սերտ համագործակցության հետագա զարգացման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և խաղաղության մարտահրավերներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այս առումով գնահատելի են Նիդերլանդների և Եվրամիության կողմից ներդրված ջանքերը: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցմանը նպաստելու գործում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ»: