07/09/2023 20:18
Մոսկվան ու Փհենյանը կզարգացնեն հարաբերությունները՝ անկախ այլ երկրների դիրքորոշումից․ Կրեմլ
Ռուսաստանը կզարգացնի հարաբերությունները Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) հետ՝ անկախ այլ երկրների դիրքորոշումներից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան բարձր է գնահատում Փհենյանի հետ հարաբերությունները, Հյուսիսային Կորեն մեր հարևանն է և, բնականաբար, մենք շարունակելու ենք զարգացնել նրա հետ հարաբերությունները՝ անկախ այլ երկրների ցանկությունից ու կարծիքից»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր է զենք մատակարարել Ռուսաստանին։
The New York Times-ն էլ գրել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է այցելել Մոսկվա։ Այս առնչությամբ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ ասելով, որ այդ թեմայով ասելիք չունի։