07/09/2023 19:16
Խնդիրներին կարող ենք տալ լուծումներ՝ նախքան դրանց ծագելը․ Անահիտ Մանասյանը՝ ընտրությունների մասին
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` Երևանի ավագանու ընտրությունների անկախ մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի և իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանի հետ։
Հաղորդագրությունում նշված է․
«Պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպումն իրավունքի գերակայության և ժողովրդավարության կարևոր ցուցիչ են։ Արդյունավետ համագործակցության պայմաններում կարող ենք խնդիրներին տալ լուծումներ նախքան դրանց ծագելը։ Այս հանդիպումը հնարավորություն է առկա խնդիրները, մեզ մոտ ստացվող բողոքները, ինչպես նաև օրենսդրական բացերը միասին քննարկելու, և լուծման մեխանիզմներ մշակելու տեսանկյունից»,- ողջունելով հյուրերին` ասել է Պաշտպան Անահիտ Մանասյանը։
Հանդիպման ընթացքում իրականացվել է մի շարք հարցերի առնչությամբ քննարկում, ՄՒՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված և ներկայումս ևս հավանական խնդիրները, նախանշվել են համագործակցության ուղղություններ։
Անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի պատշաճ իրացմանը։
Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 180 ընտրատեղամաս մատչելի կամ մասամբ մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար, բոլոր ընտրատեղամասերում առկա կլինեն բրայլյան կաղապարով քվեաթերթիկներ, որոնք հնարավորություն կտան տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին քվեարկել անձամբ։ Նա ներկայացրել է նաև ընտրական օրենսդրության վերջին փոփոխությունները, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ հանձնաժողովի մոտեցումները»։