07/09/2023 15:48
Զորավարժություններն արձագանք ու արդյունք են հայ-ամերիկյան խորացող հարաբերությունների. Սարգիս Խանդանյան (Տեսանյութ)
Հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանի տարածքում անցկացնելու որոշումը Հայաստանի սուվերեն որոշումն է, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Ես հասկանում եմ, որ տարբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ և դժգոհություններ հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է»,- ասաց նա։
Խանդանյանի խոսքով՝ զորավարժություններն ուղղված են միջազգային խաղաղապահ ծառայություններում հայ-ամերիկյան փոխգործակցությանը բարելավելուն։
«Կարծում եմ՝ սա նաև արձագանք ու արդյունք է հայ-ամերիկյան խորացող հարաբերությունների»,- նշեց պատգամավորը։
Խանդանյանն ասաց, թե բոլոր ոլորտներում Հայաստանը ձգտում է ԱՄՆ-ի հետ էլ ավելի լավ հարաբերություններ ունենալ։
Հիշեցնենք՝ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։