07/09/2023 16:51
Չենք կարող թույլ տալ, որ ՀՀ ազգակործան իշխանությունների կողմից ներմուծված «նախկիների ու ներկաների», «սևերի ու սպիտակների» կեղծ օրակարգը արմատներ գցի Արցախում. Գեղամ Ստեփանյան
Ասել, որ մենք կանգնած ենք գոյաբանական լուրջ խնդիրների առաջ՝ նշանակում է միայն փաստել իրողությունը, այս մասին հայտարարել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության անդամ Գեղամ Ստեփանյանը։
«Արտաքին տեսանելի սպառնալիքների հետ մեկտեղ մենք այս օրերին բախվում ենք ներքին, շատ հաճախ արհեստական կամ հորինված փորձությունների:
«Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խորհրդարանական խմբակցությունն, օգտվելով իր սահմանադրական իրավունքից , հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել է Սամվել Սերգեյի Շահրամանյանի թեկնածությունը:
Միանգամից նշեմ, որ մենք շարունակում ենք կողմնակից մնալ համապետական ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու սկզբունքին:
Ազգային ժողովի կողմից երկրի նախագահի ընտրությունը կարող է հաջողվել միայն մեկ դեպքում, երբ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեծ մասը համաձայնվում են մեկ թեկնածուի շուրջ: Հակառակ դեպքում մենք կարող ենք հայտնվել տևական շրջապտույտի մեջ, որի ոչ ժամանակը, ոչ էլ շռայլությունը չունենք: Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում մեր հանրային-քաղաքական դիսկուրս է մտցվում պառակտիչ ու վնասակար օրակարգ, որի նպատակն է շեղել մեզ գլխավոր խնդիրներից և խորացնել հանրային տրամադրություններում առկա հակառակությունները:
Խնդրում և կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ չտրվել նմանօրինակ սադրանքների և մանիպուլյացիաների: Առաջադրված թեկնածուի մասին շրջանառվող կեղծ ու մտացածին տեղեկությունները նպատակ ունեն պառակտել հասարակությունը: Այս բարդ ու պատասխանատու շրջանում բոլորս պարտավոր ենք ցուցաբերել ողջամտություն և գործել իրավիճակին համարժեք:
Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀ ազգակործան իշխանությունների կողմից ներմուծված «նախկիների ու ներկաների» , «սևերի ու սպիտակների» կեղծ օրակարգը արմատներ գցի Արցախում, իսկ դրանց սերմերը պետք է հեռացվեն Արցախից:
Այս իրավիճակը մենք պետք է հաղթահարենք միասին. ամրացնենք մեր պետական կառույցը՝ հայկական Արցախի համար համազգային պայքարը շարունակելու մտադրությամբ և ոչ մեկին չթողնենք թուլացնել մեր դիմադրողականությունն ու զգոնությունը»,- Facebook-ում գրել է Ստեփանյանը։