07/09/2023 12:39
27-ամյա վարորդը Hyundai բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Հրայր Գ․-ն իր վարած Hyundai մակնիշի բեռնատարով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 111 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկ Արմեն Աթաբեկյանն ու կրտսեր պարեկ Վահան Զադեյանը, որպեսզի հետաքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։