07/09/2023 16:04
Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, բախվելով ծառերին․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պարեկները
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ М6 միջպետական ճանապարհից դեպի Մոտկորի շրջան գնացող ճանապարհի 15-րդ կմ հատվածում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել է անտառում, բախվելով ծառերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Գորունյանը։
Տեղում ուժեղացված ծառայության են անցել ՊԾ Լոռու գումարտակի դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը և պարեկներ Գարիկ Մարտիրոսյանն ու Գոռ Հովհաննիսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Ալավերդի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի վայրից բժիշկները 1 հոգու նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարներն ու պարեկները Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի միջից, օգտագործելով հատուկ տեխնիկա, դուրս են բերել մահացածի մարմինը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում