08/09/2023 21:53
Բաժանման տագնապ. Սպեցիֆիկ ֆոբիայի արտահայտման ձևերը
Բաժանման տագնապային խանգարումը սպեցիֆիկ ֆոբիա է և տագնապային խանգարման տեսակներից մեկը:
Ծնողներից բաժանվելիս անհանգստությունը մանկահասակ երեխաների շրջանում տարածված երևույթ է, և սա համարվում է նրանց զարգացման նորմալ բաղադրիչը: Սակայն բաժանման անհանգստությունը կարող է հարաճուն կերպով զարգանալ՝ վերածվելով ավելի լուրջ և կայուն վիճակի, որը կոչվում է բաժանման տագնապային խանգարում:
Հիվանդությունը չի ավարտվում մանկության տարիներով և շարունակվում է երեխայի ավելի բարձր տարիքում:
Բաժանման տագնապային խանգարումը բնութագրվում է հետևյալ նշաններով՝
տագնապն ազդում է երեխայի կյանքի և միջնորդավորված ձևով՝ նաև ծնողների կյանքի վրա,
երեխան ավելի լուրջ տագնապներ ունի, քան իր տարիքի այլ երեխաները,
տագնապի նշանները շարունակվում են առնվազն 4 շաբաթվա ընթացքում:
Բաժանման տագնապը հակում ունի իր գագաթնակետին հասնելու երեխայի 14-18 ամսական տարիքում։ Սա տարրական բնազդ է, որն այս տարիքում բավականին շարժուն դարձած երեխայի մոտ առաջացնում է վախեր այն մտքի հանդեպ, որ կարող է պատահաբար կորել կամ ծնողներից բաժանվել:
Չափահասների մոտ բաժանման տագնապի խանգարումը ճանաչվել է սկսած 1990-ականներից: Այն դրսևորվում է որպես չափազանցեցված և սահմանափակող սթրես, որն ի հայտ է գալիս հուզական մեծ կապերով անձից ենթադրյալ կամ իրական բաժանման պատճառով (օրինակ՝ զուգընկեր, ընտանիքի անդամ կամ խնամող):
Չափահասների մոտ բաժանման տագնապը սովորաբար ուղեկցվում է այլ խուճապային կամ տագնապային խանգարումների հետ: Բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը կարող են առաջարկել կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, որի նպատակը մեծ անհանգստություն պատճառող սթրեսորի հաղթահարման ունակությունների աստիճանական զարգացումն է և ֆոբիաների բուժումը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն