08/09/2023 20:11
Ադրբեջանը սահմանագծին ուժերի կենտրոնացում և շարժեր է իրականացնում՝ ընդգրկելով հատուկ նշանակության ստորաբաժանումներ, իսկ հայկական կողմին մեղադրում է «սպառնալիք» ստեղծելու մեջ․ Աբրահամյան
Ադրբեջանը մարտավարական փոփոխություն է մտցրել իր տեղեկատվական քաղաքականությունում` նախ իր զորքերի խոշոր տեղաշարժերը ներկայացնել որպես ուսումնական գործընթաց, զորավարժություն, ապա նշել, որ իրենց տեղեկություններով Հայաստանի ու Արցախի զինուժը դուրս է բերվել առաջնագիծ ու իբր՝ սպառնալիք ստեղծել Ադրբեջանի համար, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ուրեմն, ի՞նչ է իրականում տեղի ունեցել․ Ադրբեջանը տարբեր միջոցառումների անվան տակ սահմանագծի մի շարք ուղղություններում ուժերի կենտրոնացում և շարժեր է իրականացնում, որոնցում հրաձգային ստորաբաժանումներից բացի, ընդգրկված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, «Կոմանդո»-ների զորամասեր, զրահատանկային միավորներ, հրթիռա-հրետանային զորքեր և այլն:
Դրան արձագանքելով՝ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ ուժերը համապատասխան վիճակի են բերվել, առաջնագծում տարբեր միջոցառումներ իրականացրել` նպատակ ունենալով Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում անհրաժեշտ պաշտպանություն կազմակերպել:
Հիմա Ադրբեջանը Հայաստանի և Արցախի պաշտպանողական գործողությունը փորձում է ներկայացնել որպես ագրեսիայի սպառնալիք՝ հոխորտալով, թե հայերի սադրանքներին ի պատասխան քայլեր կձեռնարկի:
Ի դեպ, Ադրբեջանը նաև հայտարարել է, թե ուսումնական հավաքների զորակոչված պահեստազորայինների ծրագիրն ավարտվել է, և նրանք վերադարձել են իրենց բնակավայրեր, սակայն դեռ դժվար է ասել` դրանք զորացրվել ե՞ն, թե՞ համալրել ադրբեջանական բանակի շարքերը:
Ադրբեջանական տեղաշարժերը նկատելի են ոչ միայն զորքերում, այլ նաև տեղեկատվական, քաղաքական և դիվանագիտական դաշտերում»,- գրել է Աբրահամյանը: