08/09/2023 11:13
Պետք են Ալիևին ուղղված ավելի կոշտ հայտարարություններ․ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Արցախի հարցը
ԱՄՆ Կոնգրեսում կայացան Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները։ Նախագահում էր հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը։ Բանախոսներն էին Լուիս Մորենա Օկամպոն և Դեյվիդ Ֆիլիփսը, հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրեց պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև սեպտեմբերի 1-ին կայացած հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Էնթոնի Բլինքենը կրկին ընդգծել է Միացյալ Նահանգների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կրկնել պաշտոնական Վաշինգտոնի կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական, առևտրային նպատակներով ու մարդկանց տեղաշարժի համար:
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը, ով նախագահում էր սեպտեմբերի 6-ի լսումները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այն կարծիքին է, որ սոսկ մտահոգություն արտահայտելը բավարար չէ:
«Անհրաժեշտ են Ալիևին ուղղված ավելի կոշտ ու ուղիղ հայտարարություններ: Նրան մեղադրում են ցեղասպանության մեջ, ինչը չի կարող անհետևանք մնալ: Հետևանքների առումով վատագույն տարբերակը Ալիևի համար կլինի քրեական հետապնդումը: Չի՛ կարելի մարդկանց սովամահ անել: Նա օգտագործում է սնունդը և դեղորայքը որպես զենք»,- ընդգծել է կոնգրեսական Սմիթը՝ լսումներից հետո «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։