08/09/2023 12:19
Սևանի ԲԿ տնօրենն առաջարկում է՝ մինչև պետպատվերի հարցը կլուծվի, երեխաները կարող են վճարովի հիմունքներից օգտվել
Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Նունե Սահակյանը հարց էր բարձրացրել, թե արդյոք Սևանի վերականգնողական կենտրոնը փակվում է. «Սևանի ԲԿ տնօրենը մեզ պատասխանում է, որ առողջապահության նախարարությունը շատ քիչ է ֆինանսավորել ու այդ գումարը չի հերիքում պետպատվերից օգտվելու համար, փոխարենը կարող են երեխաները վճարովի հաճախել։ Ահա ամբողջ հարցը, ինչի պետպատվեր տրամադրել, եթե կա վճարովին, բայց չեն մտածում, որ ոչ բոլոր ծնողներև չէ, որ ի վիճակի են այդ գումարները վճարել, էլ չեմ ասում թե, որքան շատ է նման երեխաների կողմնակի ծախսերը»:
Սևանի ԲԿ տնօրեն Արամ Նիկողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ վերականգնողական կենտրոնը չի փակվում. «Ես ասել եմ, որ պետպատվերն է վերջացել և վճարովի հիմունքով կարող է աշխատել, մինչև պետպատվերի հարցը լուծվի»:
Հարցին՝ այն ծնողների երեխաները, ովքեր չեն կարող օգտվել վճարովի հիմունքներից, կարո՞ղ են սպասել, մինչև այդ պետպատվերի հարցը լուծվի, տնօրենը պատասխանեց. «Կարող են հերթագրվել, այնպես չէ, որ կյանքին վտանգ է սպառնում, իրենք բոլորն էլ գալիս են լոգոպեդի, հոգեբանի մոտ: Դրա համար կարող են հերթագրվել: Բոլորն էլ տեղյակ են՝ մարզպետը, նախարարը»:
Տնօրենի խոսքով՝ նախկինում վերականգնողական կենտրոնին ֆինանսավորում էր «Գիմիշյան» հիմնադրամը», սակայն հիմա չի ֆինանսավորում և պետպտվերի մասն այդքանով պակասել է. «Հիմնադրամն է ստեղծել այդ վերականգնողական կենտրոնը, աջակցում էր, հիմա չի կարողանում աջակցություն ցուցաբերի, գրություն ենք գրել մարպետին, նախարարին, կառավարությունով այդ հարցը կլուծեն, որ այդ չափով պետպատվերն ավելացնեն: Չեմ կարող ասել, թե երբ դա կլինի, կարծում եմ՝ մոտակա ժամանակներս»:
Առաողջապահության նախարարությունից մեզ ասացին, որ պետպատվերի բացն առաջացել է, քանի որ հիմնադրամն այլևս չի ֆինանսավորում.«Բայց նախարարությունը արդեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի այդ ֆինանսական բացը լրացվի: Սակայն պետք է մեկ անգամ ևս նշենք, որ ոչ մի կենտրոն էլ չի փակվելու»: