08/09/2023 19:33
Սամվել Բաբայանը Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը «ոտնձգություն» է համարում
Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունում Արցախի Հանապետության նախագահի ընտրությունը որակվում է որպես «ոտնձգություն սահմանադրական կարգի նկատմամբ»։ Բաբայանի գլխավորած կուսակցությունը հայտարարում է նաև, որ իր խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու Հանրապետության նախագահի թեկնածուի քվեարկությանը։
«Նախորդ ամիսներին, օրենսդրական փոփոխություններով իրավական հիմքեր ապահովելուն զուգահեռ, արցախյան ներքաղաքական ետնաբեմում ընթացող խմորումները գագաթնակետին հասցվեցին Արցախի Հանրապետության չորրորդ նախագահի հրաժարականով և, ըստ նախատեսվածի, հանգուցալուծում պիտի ստանան սեպտեմբերի 9-ին՝ պայմանավորվածության արդյունքում առաջադրված թեկնածուի նշանակմամբ։
Խորհրդարանում ներկայացված չորս խմբակցությունները շարունակաբար ստեղծում են իրավաքաղաքական այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն սահմանափակում, այլև ոտնահարում են մարդու արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ժողովրդական լայն զանգվածների կարծիքի շրջանցմամբ Հանրապետության նախագահի ընտրությունը ոտնձգություն է սահմանադրական կարգի նկատմամբ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը
հավատարիմ մնալով 2020թ․ ընտրությունների արդյունքում ստացած վստահության քվեին,
դատապարտելով անհավասար մրցակցային պայմաններն ու կանխորոշված ընտրական արդյունքը,
անմասն մնալով Արցախի քաղաքական ուժերի կոլեկտիվ արկածախնդիր անհեռատեսությունից,
ինչպես նաև հաշվի առնելով Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության ֆոնին ստեղծված հանրային անհանդուրժողականության մթնոլորտը,
հայտարարում է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու Հանրապետության նախագահի թեկնածուի քվեարկությանը։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը փոխադարձում է սթափության, հավասարակշռության և արկածախնդրության չտանելու կոչերը՝ գործող դերակատարներից պահանջելով դուրս չգալ լիազորություների շրջանակից, ապահովել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, իսկ քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն և իրացնել Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները։
Միևնույն ժամանակ «Միասնական հայրենիք» կուսակցությունն այն համոզմունքին է, որ ներքաղաքական լարվածությունն ու անհանդուրժողականությունը հետևանք են մի կողմից օտարերկրյա ազդեցության գործակալների երեք հոգանոց խմբակի՝ Արցախի ճակատագիրը սեփականելու, մյուս կողմից բոլոր հնարավոր մեթոդներով Սամվել Բաբայանի՝ Հանրապետության նախագահի թեկնածությունը մերժելու փորձերի։ Ուստի իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները՝ Հանրապետության նախագահի պաշտոնակատարի գլխավորությամբ»,- նշված է հայտարարությունում։