08/09/2023 16:40
Ձորաղբյուրում կանցկացվի ամենամյա Բերքի Տոնը. հնարավոր կլինի թարմ և մատչելի գյուղմթերք ձեռք բերել
Սեպտեմբերի 16-17-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում կանցկացվի ամենամյա Բերքի Տոնը՝ Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնը, որի կազմակերպիչն է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը։
Միջոցառմանը կմասնակցեն ֆերմերներ և ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից և արտերկրից, ովքեր կներկայացնեն իրենց արտադրած գյուղմթերքը` ողջ բազմազանությամբ:
Բացման արարողությանը ելույթով հանդես կգան ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, մի շարք միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպական միության, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ղեկավարներ, դեսպաններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Փառատոնի նպատակն է դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցում են շուրջ 200 ֆերմերներ և ֆերմերային խմբեր:
Փառատոնի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան թարմ և մատչելի գյուղմթերք ձեռք բերել անմիջապես արտադրողից։