08/09/2023 20:22
Իշխանությունը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել․
«Վաղը՝ սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանում (Կոմիտասի պանթեոնին կից) շինծու մեղադրանքով կայանալու է 44 օրյա պատերազմի հերոս` Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատը: Իշխանությունը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը, սկսած Եռաբլուր պանթեոնից ծնողներին բերման ենթարկելուց և նրանց նկատմամբ գործեր հարուցելուց, մինչև նրբորեն մշակված սադրանքների միջոցով շինծու գործեր կարելը՝ փորձելով նրանց ազատությունից զրկելու միջոցով լռեցնել պայքարի ու պահանջատիրության ամենաարդար ձայնը:
Իշխանության նման վարքագիծը, մենք՝ այս պետությանը ամենաթանկը տված ծնողներս, գնահատում ենք իշխանության կողմից ուղերձ պատերազմից 5 րոպե պակաս գտնվող երկրի պաշտպաններին, որ տեսեք, թե ինչ կարող է լինել նաև իրենց ծնողների հետ, ինչը անթույլատրելի է և դատապարտելի և մեծ հարված է մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակին, իրենց մինչ այդ ձևավորված արժեհամակարգին։
Սիրելի հայրենակիցներ, լինենք վաղը Հայրենիքին հերոս տված հոր կողքին։ Աջակցելով նրան՝ աջակցում ենք ինքներս մեզ, մեր սերունդներին՝ վաղվա օր ունենալու համար»։