08/09/2023 20:48
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է արցախցի երիտասարդներին և հորդորել անկոտրում կամքով շարունակել իրենց պայքարը՝ հանուն ազատ, անկախ ու անվտանգ կյանքի իրավունքի
Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախցի շուրջ 35 երիտասարդների՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ երիտասարդները Հայաստանում են իրենց ուսումը շարունակելու Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Հանդիպմանը երիտասարդ հայորդիները Նորին Սրբությանը ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող նախաձեռնությունները, որոնց նպատակն է հայ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար աղետին և անվտանգային խնդիրներին։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով երիտասարդ արցախցիներին, իր գնահատանքը բերեց նրանց՝ Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ներդրվող ջանքերի ու քաջարի ոգու դրսևորման համար։
Նորին Սրբությունը, մտահոգությամբ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հորդորեց երիտասարդներին անկոտրում կամքով շարունակել իրենց պայքարը հանուն արցախահայության ազատ, անկախ ու անվտանգ կյանքի իրավունքի։
Ամենայն Հայոց Հայրապետը նաև վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդի զավակները Աստծո օգնականությամբ և միջազգային հանրության աջակցությամբ կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու փորձությունները։
Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց արցախցի երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տարվող աշխատանքներին։