08/09/2023 09:13
«Ժողովուրդ». Հակակառուպցիոն կոմիտեն սկսել է նախաքննական մարմին հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին և նրանց փաստաբաններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեն սկսել է նախաքննական մարմին հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին և նրանց փաստաբաններին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալներին և նրանց փաստաբաններին ծանուցել են ներկայանալ և բանավոր հայտնել քրեական գործով որոշ տվյալներ, կարճ ասած՝ զրուցել որոշ հարցերի շուրջ: Ասել է թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Մարտի 1-ի ողբերգական դեպքերով հարուցված քրեական գործով կոնկրետ գործողությունների է նախապատրաստվում. թե ինչ, մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջել է «Մարտի 1»-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեից վերցնել և դնել իր սեղանին, որպեսզի այսուհետ հենց ինքը զբաղվի այս գործի քննության վեահսկողությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր մեկնաբանություն ստանալ այս առիթով Գլխավոր դատախազությունից, որտեղից, ի պատասխան մեր հարցադրմանը, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր. «Մոտ տասն օր առաջ գլխավոր դատախազը գործը զեկուցելու հանձնարարական է տվել»:
Նկատենք՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 15-րդ տարին է: 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի տված՝ «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումը չի կատարվել, չնայած նա տարբեր առիթներով շարունակում է ասել, թե այն, իր կարծիքով, բացահայտված է: Ոչինչ էլ թերևս չի բացահայտվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում