08/09/2023 21:45
Բելառուսը պատրաստ է օգնել Աֆրիկային՝ տեր լինել իր երկրին․ Լուկաշենկո
Աֆրիկան ժամանակակից աշխարհի զարգացման հիմքն է, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասոգոյի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին։
«Աֆրիկան վերածնունդ է ապրում։ Մեր աչքի առջև Աֆրիկան հայտնվում է 21-րդ դարի աշխարհի կայուն զարգացման կենտրոնում։ Աֆրիկյան միության երկրների ղեկավարների համատեղ խաղաղապահ առաքելությունը Ուկրաինա և Ռուսաստան, Աֆրիկայի ակտիվ դերը ԲՐԻԿՍ-ում և Չմիավորման Շարժման մեջ, դրա վառ վկայությունն են»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ աֆրիկյան մայրցամաքի երկրները վճռական են տրամադրված «արևմտյան անդրազգային կորպորացիաների դիկտատից» ազատվելու հարցում, քանի որ Արևմուտքն Աֆրիկան վերածել է հումք մատակարարողի, արդյունահանում է նրա նավթը, ոսկին, գազը, իսկ Աֆրիկայի ժողովուրդներին դատապարտում «թշվառ գոյության ու սովի»։
«Բելառուսն, ի տարբերություն արևմտյան «ժողովրդավարների», պատրաստ է օգնել Աֆրիկային՝ տեր լինել իրենց երկրին՝ ի շահ սեփական ժողովրդի բարօրության, ստեղծել ազգային արդյունաբերություն, արդիականացնել գյուղատնտեսությունը, զարգացնել գիտությունն ու տեխնոլոգիաները»,- ասել է Լուկաշենկոն՝ Մբասոգոյին։