08/09/2023 17:40
Աշոտ Գևորգյանը դեպքի հետ որևէ կապ չունի, նրա ձերբակալությունը ոչ միայն մտահոգիչ է, այլև տհաճ․ Դմիտրի Պիսարենկո
«Այս պահին Միկա Բադալյան ու«Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրող Աշոտ Գևորգյանը գտնվում են Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Բադալյանին և Գևորգյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել», «Հրապարակ»-ին ասել է վերջիններիս պաշտպան Լիանա Գրիգորյանը: «Ձերբակալվածի կարգավիճակ ունեն, քննչական-դատավարական գործողություններ են կատարվում, որոնք նախատեսված են օրենքով»,- ասել է փաստաբանը։
Հարցին՝ ի՞նչ է կարծում, մեղադրանք առաջադրվելո՞ւ է, կալանքի միջնորդություն ներկայացնելո՞ւ են դատարան, փաստաբանը պատասխանել է․ «Դեռ չի ներկայացվել, ձերբակալման 72 ժամը դեռ չի լրացել։ Այսպես ասեմ՝ կարծում եմ, որ չեն ներկայացնի և՛ մեղադրանք, և՛ միջնորդություն։
Փաստաբանն ասել է նաև, որ բլոգեր Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանն առնչություն չունեն իրենց ներկայացված կասկածանքին։ «Բադալյանը ձերբակալվածի կարգավիճակում հայտարարել է, որ որևէ առչություն չունի։ Նույնն էլ Աշոտ Գևորգյանի մասով»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն Բադալյանի և Գևորգյանի ձերբակալման վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նրանք կասկածվում են «մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ»։
Թեմայի առնչությամբ «Հրապարակ»-ը զրուցել է նաև «Սպուտնիկ Արմենիա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Պիսարենկոյի հետ։
«Իհարկե, Աշոտ Գևորգյանը մեր աշխատակիցն է, և թե՛ մենք, թե՛ այն երկիրը, որը մեր լրատվամիջոցը ներկայացնում է, շատ անհանգստացած ենք։ Հուսով ենք, որ ամեն ինչ շատ արագ կկարգավորվի, քանի որ տեղի ունեցածը թյուրիմացություն է։ Աշոտ Գևորգյանի պաշտպանն էլ է հայտնել, որ մեր աշխատակիցը այդ դեպքի հետ որևէ կապ չունի, և մենք հիմք չունենք չհավատալու փաստաբանին։ Ինձ համար՝ որպես լրատվամիջոցի ղեկավարի, այս դեպքը ոչ միայն անհանգստացնող է, այլև տհաճ է»,- պատասխանել է Դմիտրի Պիսարենկոն։