08/09/2023 15:27
Չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր. Արցախի ոստիկանության հայտարարությունը
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վաղը` սեպտեմբերի 9-ին, կընտրվի հանրապետության նոր նախագահ։
Հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ԱՀ նախագահի` հավաքներ չանցկացնելու մասին հրամանագիրը՝ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր։
ՆԳՆ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում կիրականացնի հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։
Հասարակական կարգը կոպիտ խախտած անձանց նկատմամբ ոստիկանությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով»,- ասվում է հայտարարությունում։