08/09/2023 13:05
Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերին. Արարատ Միրզոյան
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ այս համատեքստում կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումն ու միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցութունը:
ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ են կատարել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին, մտքեր փոխանակել նոր հեռանկարային ուղղություններով համատեղ ծրագրերի կյանքի կոչման շուրջ: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ԱՄԷ միջև առկա զգալի ներուժն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանում էմիրաթական ընկերությունների համար ստեղծված է անհրաժեշտ բարենպաստ գործարար միջավայր։
Հանդիպման օրակարգի առանցքային հարցերից են եղել նաև տարածաշրջանային վերջին զարգացումները:
Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նկրտումներով և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերին:
Նախարար Միրզոյանն ԱՄԷ նախագահին է ներկայացրել շուրջ 9 ամիս տևող Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի առջև ծառացած բարդ հումանիտար մարտահրավերները՝ շեշտելով, որ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների և միջազգային բազմաթիվ գործընկերների հասցեական կոչերի` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: