08/09/2023 14:25
2023-ի առաջին ութ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 1,6 մլն մարդ. Վահան Քերոբյան
Երևանում մեկնարկել է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարն ընդգծել է ՀՀ-ում 2023 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում գրանցված զբոսաշրջիկների թվի զգալի աճը, որը շուրջ 30%-ով ավել է 2019 թ. ցուցանիշներից և կազմում է մոտ 1,6 մլն մարդ:
Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկա 10 տարում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստերներ, որոնցից առաջին երեքը՝ Արենիում, Գյումրիում, Դիլիջանում: Այս տարի ոլորտի զարգացման խթանման համար կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել։
Ֆորումի շրջանակներում կայացել է նաև նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր տնօրեն Նատալյա Բայոնայի և Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ալլեսանդրա Պրիյանտեի հետ։