09/09/2023 20:58
Ռուսական բեռները Ասկերանով կմտնեն Արցախի Հանրապետություն, Լաչինի միջանցքով կվերականգնվեն հումանիտար բեռնափոխադրումները՝ ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի կողմից
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,- նշված է հաղորդագրությունում: