11/09/2023 19:20
Ոտքի խոցեր. Կանխարգելում և բուժում
Ոտքի վրա առաջացող խոցերը խոր վերքեր են, որոնք հաճախ երկար ժամանակ չեն լավանում:
Ոտքի խոցերը բավականին տարածված են, հատկապես բարձր տարիքով մարդկանց շրջանում: Եթե ստորին վերջույթներից մեկնումեկի կամ երկուսի վրա առաջացել են խոցեր, առանց հետաձգելու պետք է այցելել բժշկի:
Ի տարբերություն քերծվածքի, խոցի ժամանակ վնասվում է ողջ մաշկը, իսկ ախտահարումը կարող է խորանալ դեպի մաշկի տակ ընկած փափուկ հյուսվածքներ:
Խոցերի լավացումը տևական գործընթաց է և կարող է շարունակվել շաբաթներ կամ ամիսներ: Խոցի ապաքինման հետաձգումը սովորաբար պայմանավորված է ախտահարված վերջույթի արյան շրջանառության խանգարմամբ: Լավանալուց հետո խոցը գրեթե միշտ թողնում է սպիանման հետք: Ցավոք, ոտքի խոցերը հաճախ կրկնվում են:
Ոտքի վրա խոցի առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառը ստորին վերջույթում արյան բարձրճնշումն է, որը կարող է պատճառվել երակային հիվանդություններով, արյան մակարդուկով (թրոմբ) կամ վարիկոզ երակներով: Նման դեպքերում արյան հունից դուրս եկած հեղուկը կուտակվում է փափուկ հյուսվածքներում՝ ի վերջո պատռելով մաշկը և հոսելով դուրս:
Խոցերի առաջացման այլ պատճառներից են՝
զարկերակների խցանում,
ծայրամասային անոթային հիվանդություն,
որոշ մաշկային հիվանդություններ,
քաղցկեղ,
ոտքի վնասվածք,
վարակային բորբոքում:
Ոտքի խոցի առաջացման ռիսկը բարձրանում է նաև դիաբետով, արյան բարձր ճնշմամբ, ավելորդ քաշով մարդկանց շրջանում:
Ոտքի խոցի հիմնական ախտանիշը ստորին վերջույթներից մեկի կամ երկուսի վրա չլավացող խոր վերքն է: Որոշ դեպքերում խոցի հատակը կարող է ծածկվել տհաճ հոտով հեղուկով։ Այլ դեպքերում խոցը պատվում է հաստ շագանակագույն կեղևով («չոր խոց»), որը հաճախակի բացվում է:
Երբեմն ոտքի խոցը կարող է վարակվել: Նման դեպքերում ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝
խոցի հարակից մաշկի և փափուկ հյուսվածքների այտուցվածություն,
սաստկացող ցավեր,
թարախային արտադրություն,
ջերմություն:
Կախված տեսակից, խոցը կարող է փակվել ստերիլ վիրակապական միջոցներով: Բժիշկը կարող է նաև դնել սեղմող վիրակապ կամ առաջարկել սեղմող գուլպա:
Ոտքերի բարձր դիրքը կարող է նվազեցնել երակային ճնշումը և օգնել խոցի լավացմանը:
Բժիշկը նաև կարող է հատուկ բուժում նշանակել, եթե խոցի պատճառը որևէ լուրջ կամ քրոնիկ հիվանդություն է: Որոշ դեպքերում կարող են առաջարկել նաև վիրահատական կամ երկարատև դեղորայքային բուժում:
Խոցերի առաջացումը կանխելու համար պետք է ՝
ազատվել ավելորդ քաշից,
եթե ունեք բարձր արյան ճնշում կամ դիաբետ, խստորեն հետևել բժշկի նշանակած բուժմանը,
հագնել սեղմող գուլպա,
օրվա ընթացքում ոտքերին հնարավորինս երկար ժամանակ բարձր դիրք տալ,
կանոնավոր կերպով վարժանքներ անել:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։