11/09/2023 16:06
ԵԽ պատգամավորը հույս ունի, որ Ֆրանսիան ԱՀ հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ
Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԽ-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ֆրանսուա Քսավիյե Բելյամին համոզված է՝ եթե Ադրբեջանի դեմ խիստ պատժամիջոցների առաջին փաթեթը կիրառվի, ապա Ալիեւը կհասկանա, որ պետք է դադարեցնի ագրեսիան։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում եվրախորհրդարանականը նշել է, որ վտանգված են մարդկային կյանքեր, եւ Եվրոպան չի կարող լռել՝ հակադրվելով իր իսկ սկզբունքներին։ Բելյամիի խոսքով՝ Ալիեւին պետք է իրականություն վերադարձնել, որպեսզի նա հասկանա, որ Եվրոպան է Ադրբեջանին պետք, ոչ թե Ադրբեջանը Եվրոպային։ Եվրապատգամավորն անընդունելի է համարում ԵՄ-ի այն քաղաքականությունը, երբ լարվածությունը թուլացնելու կոչեր են արվում և Ադրբեջանին, և Հայաստանին։ Նրա խոսքով՝ հանցագործի եւ զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է։
- Պարոն Բելյամի, Դուք շատ մոտիկից եք հետեւում Հայաստանում եւ Արցախում զարգացումներին։ Նույնիսկ մինչեւ Լաչինի միջանցք հասաք այս գարնանը, որպեսզի Ձեր աչքով տեսնեք ամեն ինչ։ Վերջերս կրկին Երեւանում էիք։ Ալիեւի ռեժիմի քաղաքականությունն ինչո՞ւ է անպատիժ մնում։ Ո՞րն է Ձեր հետեւությունը։
- Քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Ցավոք, եվրոպական երկրները իրավիճակը շատ պարզունակ կերպով են պատկերացնում։ Կենտրոնանալով ուկրաինական պատերազմի վրա, որն, իհարկե, հիմնական թեմա է, նրանք մոռանում են, որ, եթե մենք ուզում ենք հետևողական լինել, ապա չենք կարող այսօր պատժամիջոց չկիրառել պարոն Ալիևի ռեժիմի նկատմամբ, որը միջազգային իրավունքի շատ լուրջ խախտումների համար մեղավոր է։ Այս դեպքում՝ խախտվում է մարդասիրական իրավունքը։ Ես մի քանի ամիս առաջ ուղղում էի ներկայացրել, որ Եվրախորհրդարանը պատժամիջոցներ պահանջի պարոն Ալիևի դեմ, և այս ուղղումն ընդունվեց, և հիմա մենք սպասում ենք, որ Հանձնաժողովը վերջապես գործի, որպեսզի մենք պարզապես կարողանանք միջոցներ ձեռնարկել։ Այսօր վտանգված են մարդկային կյանքեր։ Վերջին օրերին մի քանի հայ զինվորներ սպանվել կամ վիրավորվել են բացարձակապես անհիմն ագրեսիայի հետևանքով։ Նորից եմ կրկնում մարդկային կյանքեր են վտանգված, եւ մենք լռելու իրավունք չունենք։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է իր պայմաններն ընդունելի դարձնել բռնության, ուժի կիրառման միջոցով։ Օրեր առաջ Ադրբեջանը նոր ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր։
ԵՄ արձագանքը մտահոգիչ է, քանի որ բացի խորը մտահոգությունից և կողմերին հրադադարը հարգելու կոչ անելուց, ոչինչ չի արվում։
ԵՄ-ի օգտագործած բառապաշարը տարրական է դարձել։ Կարծեք թե, մոտեցումը հետեւյալն է՝ ինչ-որ բան ասել միայն ասելու համար։ Ինչպե՞ս կբացատրեք այս վերաբերմունքը՝ հաշվի առնելով, որ խոսքը նույն Միության մասին է, որը փորձում է միջնորդ լինել եւ հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեծ հավակնություններ ունի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում