11/09/2023 18:17
Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին․ «Սպուտնիկ Արմենիա»
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշել է, որ նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Կարմիր խաչի ներկայացուցիչներն ուշադրության կենտրոնում են պահել նաև անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, կոմիտեի հայաստանյան գրասենյակը մանրամասներ հաղորդել չի կարող:
«Մեր հիմնական աշխատանքը կոնֆիդենցիալ է: Միայն կարող եմ հաստատել` դա օգոստոսի վերջի, սեպտեմբերի սկզբի տեսակցության փաստն է, որ պահվող բոլոր հայազգի անձանց մենք հերթական անգամ տեսակցել ենք: Տեսակցությունների շրջանակներում, որոնք առանձնազրույցների տեսքով են ընթացել, տվել ենք հնարավորություն յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- նշել է Ամատունին: