11/09/2023 20:32
Մեդվեդևն առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել ԵՄ հետ դիվանագիտական հարաբերությունները
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ Ռուսատանից եվրոպական երկրներ իրերի ներմուծումն արգելելու Եվրամիության որոշումը համարելով վիրավորանք յուրաքանչյուր ռուսաստանցու համար։
«Ի՞նչ անել՝ այդ որոշման հետ կապված․ ԵՄ քաղաքացիների համար պատասխան սահմանափակումներ չմտցնել, մենք ռասիստ չենք՝ ի տարբերություն շատ երկրների ղեկավարների, որոնց ազգականները ծառայել են Էսէս-ին։ Բացի այդ, մեր երկիր եկողները սիրում ու գնահատում են Ռուսաստանը։ Ավելի լավ է՝ ժամանակավորապես դադարեցնել ԵՄ հետ դիվանագիտական հարաբերությունները»,- առաջարկել է Մեդվեդևն՝ ի պատասխան Եվրահանձնաժողովի վերջին որոշման։
Նշենք, որ Եվրահանձնաժողովի պարզաբանման համաձայն՝ սեպտեմբերի 8-ից արգելվում է Ռուսաստանից ապրանքների, այդ թվում՝ անձնական իրերի տեղափոխումը Եվրամիություն՝ անկախ դրանց օգտագործման նպատակից և ԵՄ-ում գտնվելու ժամկետից։ Արգելվածների թվում են 10-ից պակաս նստատեղեր ունեցող ավտոմեքենաները՝ անկախ նրանից՝ տրանսպորտային միջոցների շահագործումը մասնավոր, թե կոմերցիոն նպատակով է, բազմաթիվ պարագաներ՝ բջջային հեռախոսներից, աուդիո և տեսագրող սարքերից մինչև ճամպրուկներ, պայուսակներ, հագուստ, ատամի մածուկ, շամպուններ, հիգիենայի պարագաներ։