11/09/2023 22:15
Իմ կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել․ Փաշինյան
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց իր կնոջ այցն Ուկրաինա չքաղաքականացնել։
«Իմ կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել, դա անհարկի քաղաքականացվում է»,- ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով՝ իր կինը երկար ժամանակ ներգրավված է «Առաջին տիկինների և ջենթլմենների միջազգային գործընկերության» մեջ։
«Նա դրա շրջանամներում մասնակցում է միջոցառումների, նման միջոցառում նաև Հայաստանում է նախատեսված։ Այստեղ չեմ կարծում, որ քաղաքական հետևություններ անելու անհրաժեշտություն կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ օրերս Աննա Հակոբյանը Կիևում էր, նա մարդասիրական օգնություն էր փոխանցել Ուկրաինային։ Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո էլ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարել էր, որ իրենց երկիրը չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունները և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։