11/09/2023 15:54
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկն ապամոնտաժվում է
Արամի 60 հասցեում մեկնարկել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկի ապամոնտաժումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Հաղորդվում է, որ հունիսի 4-ին Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը կազմել էր արձանագրություն, շենքը սպասարկող համատիրությունն էլ դիմել էր Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ փորձաքննությամբ տրամադրվել է եզրակացություն՝ տվյալ շինությունը կառուցված է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման ու հանրային վտանգ է պարունակում: Հաշվի առնելով եզրակացությունը՝ համատիրությունը սկսել է ապամոնտաժման գործընթացը և դիմել է համայնքին՝ աջակցության համար:
Ի դեպ, միայն օգոստոսի ընթացքում 31 կառույց է քանդվել, որոնցից 8-ը՝ բենզալցակայան (Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում):