11/09/2023 11:15
Երևանում օգոստոսին քանդվել է 31 ապօրինի շինություն, որից 8–ը` գազալցակայան
Երևանում օգոստոս ամսվա ընթացքում կատարվել են 31 ապիօրինի շինությունների քանդման աշխատանքներ, այդ թվում՝ 8 գազալցակայան Կենտրոն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը։
Նրա խոսքով` Երևանի ավագանու ընտրություններից առաջ մայրաքաղաքում որոշ քաղաքացիներ փորձ են անում ապօրինի, ինքնակամ շինարարություններ կատարել, որոնք ոչ միայն պետք է կասեցվեն, այլև շուտափույթ քանդվեն։
Ասատրյանն հավելեց, որ այս պահին էլ Թումանյան 39 հասցեում գտնվող Եղիշե Չարենցի տուն–թանգարանի ձեղնահարկի ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում։
Նրա խոսքով՝ պարզվել է, որ շինարարությունը, բացի ապօրինի լինելուց, հանրային վտանգ է պարունակում, քանի որ չեն պահպանվել քաղաքաշինական նորմերը։