12/09/2023 18:04
Մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը․ համերգները կղեկավարի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
Սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 11-ը Երեւանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը։ Այն դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ համերգային ծրագրով և աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներով։ Այս փառատոնով կմեկնարկի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ 18-րդ համերգաշրջանը։ «Արմենիա» միջազգային փառատոնի համահիմնադիր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։
Փառատոնի համերգային ծրագիրը երաժշտասերներին կմատուցի դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ բազմազան հարուստ երկացանկ՝ համաշխարհային դասականների կողքին ներկայացնելով նաև հայ հեղինակների ստեղծագործություններ, ինչը կարևոր առաջնահերթություն է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի համար։ Յոթ համերգներով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Պյոտր Չայկովսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Ալեքսանդր Բորոդինի, Կառլ Ջենքինսի, Ալեքսեյ Շորի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գագիկ Հովունցի ստեղծագործությունները։ Եվ իհարկե, Արամ Խաչատրյանի 120-ամյակի տարում կհնչեն նաեւ հայ մեծ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից։
Այս տարի եւս փառատոնի շրջանակում երեւանյան բեմ կբարձրանան հանրահայտ ջութակահարներ Սթիվեն Ուորթսը, Մարկ Բուշկովը, Շյաոժուո Վանգը, դաշնակահարներ Զի Զին, Եկվոն Սունվուն, թավջութակահար Գաբրիել Շվաբեն։ Նրանցից շատերը մեր երկրում կլինեն առաջին անգամ։ Հեղինակավոր երաժիշտները նաեւ վարպետության դասեր կանցկացնեն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի սաների համար՝ պատանի երաժիշտների հետ կիսվելով կարևոր հմտություններով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Բոյկոն, Ջոն Ուորները, Ռիկարդո Կասեռոն, Ռուլեն Հենքենսը, Սերգեյ Սմբատյանը։