12/09/2023 19:31
Անահիտ Մանասյանն առանձնահատուկ կարևորում է իրավագիտակից հասարակությունում իրավական նիհիլիզմի միջավայրի վերացումը․ Այդ մասին նա ասել է Չեխիայի դեսպանին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և փոխդեսպան Սաբինա Նովակովային, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հաղորդագրությունում նշված է․
«Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը Չեխիայի Հանրապետության հետ՝ ընդգծելով, որ նման հանդիպումների արդյունքում էլ ավելի են ամրապնդվում գործակցության հնարավոր ուղղությունների նախանշումը և շարունակականության ապահովումը։
«Անահիտ Մանասյանը հայտնել է, որ արտաքին անվտանգային խնդիրների օրըստօրե խորացմամբ պայմանավորված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանքն էլ ավելի է բարդանում. այս համատեքստում Պաշտպանը ներկայացրել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները, աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նշված խնդիրների հասցեագրման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Քննարկվել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված գործնական և օրենսդրական խնդիրներ:
Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության, կանանց, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերելի հարցերին։
Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է իրավագիտակից հասարակությունում իրավական նիհիլիզմի միջավայրի վերացմանն ուղղված քայլերի իրականացման կարևորությունը՝ ընդգծելով, որ ցանկացած իրավական խնդրի հանգուցալուծմանը պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել։
Իր հերթին դեսպան Պետր Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում և վստահություն հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա փոխգործակցությունը կշարունակի մնալ բարձր մակարդակի վրա»։