12/09/2023 15:10
Էդ դու չէի՞ր Արցախում մասնակցում ինաուգուրացիայի, դու չէի՞ր Շուշիում տրնգի պարում. Շարմազանովը՝ Փաշինյանին
Հայաստանը գահավիժում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այդ գահավիժումն ունի նավապետ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական միավորումը տանում է դեպի կործանում, և ինքն այդ աթոռին նստած՝ պանթյուրքիզմի «մատոռով», մեր պետությունը տանում է դեպի կործանում: Սա այլևս ակնհայտ է և որև կասկած չկա դրանում», - նշեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, Շարմազանովն ասաց, որ այն «ողորմելի կրուտիտների հավաքածու էր» կամ «քաղաքական իմպոտենտի ողորմելի կրուտիտներ»։
«Արդարացման փորձեր էին՝ մեղքը գցելով բոլորի վրա, բացի իրենից: Մի կողմից արդարացնում է իր հակառուսական դեմարշը, մյուս կողմից Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը պայմանավորում էր Տեր-Պետրոսյանի կողմից Ալմաթիի հռչակագիրն ընդունելով, Արցախի նախագահին չշնորհավորելը պայմանավորում էր նրանով, թե իբր շնորհավորելու բան չկա, վիճակը ծանր է, իր տիկնոջ ուղևորությունը Ուկրաինա ապաքաղաքական էր համարում և զարմանում էր, որ մարդիկ քաղաքականացնում են, հայ-ամերիկյան զորավարժությունները ներկայացնում էր որպես ոչ աննախադեպ բան և ասում, որ նախկինում էլ է այդպիսի բան եղել, ինչու եք ինձ մեղադրում... ու այդպես «կրուտիտների» շարան»», - ասաց նա։
Շարմազանովը հայտարարեց, որ միանում է Արցախի նորընտիր նախագահին ուղված շնորհավորանքներին. «Ես կարծում եմ, որ կա շնորհավորելու բան, որովհետև Արցախում կան քաղաքական ուժեր, պետական գործիչներ, որոնք այս դժվարին, բարդագույն իրավիճակում ոչ թե առաջնորդվում են կամազուրկ, հակահայկական գաղափարով, այլ առաջնորդվում են Արցախի փրկության, 88-ի շարժման, Եռաբլուրի սրբության և Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու առաքելությամբ:
«Այսօրվա նախագահը, նրան առաջադրած քաղաքական ուժերը, 120 հազար արցախահայությունը ապացուցել են, որ ունեն ծանր առաքելություն՝ ամեն ինչ անել Արցախը տեսնելու ինքնորոշված և ոչ Ադրբեջանի կազմում: Հետևաբար շնորհավորում եմ պարոն Շահրամանյանին այդ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ», - նշեց նա։
Շարմազանովը հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչ կապ ունի այսօրվա ծանր իրավիճակը Սամվել Շահրամանյանի հետ. «Կարո՞ղ է Սամվել Շահրամանյանն է Արցախը հասցրել էս վիճակին, կարո՞ղ է Շահրամանյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Արցախում տիրող այս ողբերգական, ճգնաժամային վիճակը ուղիղ հետևանք է Նիկոլ Փաշինյանի պրոադրբեջանական քաղաքականության: Ի տարբերություն Արցախի իշխանության, հասարակության, դու ծնկել ես Ալիևի ուլտիմատումների առաջ և իրականացնում ես Ալիևի վաղեմի երազանքը՝ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Էդ ո՞նց է, որ 2018-ին գնում, մասնակցում էիր ինաուգուրացիաների: Էդ դու չէ՞իր, որ տրնգի էիր պարում, ասում էիր՝ Արցախը Հայաստան է և վերջ»։