13/09/2023 13:01
Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը
Տեղի է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են երկկողմ համատեղ նախագծերի իրագործմանը, գրում է IRNA գործակալությունը:
Մուստաֆաևը Բազրփաշին է ներկայացրել Աղբանդի կամրջի, սահմանային անցակետի, Խուդաֆարինի ամբարտակի նախագծերի շուրջ առաջընթացը: Այդ առնչությամբ Բազրփաշն ընդգծել է, որ նախարարությունում որոշվել է ձևավորել պատվիրակություն, որը հենց տեղում կծանոթանա նախագծերի իրագործման ընթացքին, կփորձի վերացնել խոչընդոտները:
Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախարարը, աջակցություն հայտնելով Ադրբեջանի ու տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտար երկրների միջամտություններին: «Վստահ ենք՝ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հարևան երկրների միջոցով, իսկ օտարների ռազմական ներկայությունը վտանգավոր է տարածաշրջանի համար: Իրանը կօգտագործի իր հարևանության քաղաքականությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը վերացնելու համար»,- նշել է Բազրփաշը: