13/09/2023 12:18
ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԱՄԷ, որը վերջին 6 ամիսների ընթացքում 2-րդ էր
Անցյալ շաբաթ ամփոփվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, որը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ այցն էր դեպի արաբական երկրներ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախորդը՝ մարտին, ԱԳ նախարարի այցն էր Եգիպտոս, որի շրջանակներում Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին։
ԱՄԷ այցի ընթացքում կայացած հանդիպումներն ու միջոցառումներն էին.
- հանդիպում ԱՄԷ նախագահի և ԱԳ նախարարի հետ,
- հանդիպում ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի նախագահի հետ,
- զրույց ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության հարցերով նախարարի հետ,
- ՀՀ և ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրում,
- Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն,
- Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական աշխարհի երկրների հետ երկկողմ օրակարգի հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ փոխըմբռնման խորացմանը: