13/09/2023 22:37
Փաշինյանն ասել է, թե չի ուզենա Ալիևի հետ բանակցային սենյակի մթնոլորտը հրապարակային քննարկել
«Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե չի ուզենա Ալիևի հետ բանակցային սենյակի մթնոլորտը հրապարակային քննարկել։
«Երբ նախագահ Ալիևի հետ Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Մոսկվայում նստում եք սեղանի շուրջ բանակցելու, զգու՞մ եք արդյոք, որ այդ մարդը Ձեզ հետ տանում է բարեխիղճ բանակցություններ» , - հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Ես չեմ ուզենա բանակցային սենյակի մթնոլորտը հրապարակային քննարկել։ Փաստն այն է, որ առայժմ չունենք վստահության մթնոլորտ, որովհետև եթե վստահության մթնոլորտ լիներ, շատ հարցեր այսօր այդպիսի վիճակում չէին լինի, ինչպիսին են։
Բայց ո՞րն է դրան իմ արձագանքը՝ շարունակել աշխատել, շարունակել ավելի հետևողական աշխատել, փորձել գտնել լուծումներ, փորձել գտնել առաջընթացի ուղիներ։ Ընդհանուր առմամբ, ի՞նչն է, եթե չդետալացնենք, հիմնական պրոբլեմը, որ Ադրբեջանը եթե նախկինում ունեցել է, այդպես էլ շարունակում է կիրառել, այսպես ասած, ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականություն։ Դա շատ է բարդացնում իրադրությունը և կարծում եմ՝ հետագա առաջընթացի ապահովման հիմնական խոչընդոտն է։ Եվ այստեղ, կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այն ուժերը, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում, հենց այս հարցում պետք է աջակցություն ցուցաբերեն Հայաստանի Հանրապետությանը, աջակցություն ցուցաբերեն մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»։