13/09/2023 22:25
Երևանում գարունը սկսվում է մարտին և ավարտվում է մայիսին. ՀՀ վարչապետ
Երևանում գարունը սկսվում է մարտին և ավարտվում է մայիսին: Ամառը, իմիջիայլոց, Երևանում սովորականից ավելի շուտ է գալիս: Եվ ամեն տարի մեր երկում լինում է գարուն, ամառ, աշուն, ձմեռ, ինչպես և մեր կլիմայական գոտում գտնվող շատ երկրներում, POLITICO Europe պարբերականի հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կամուրջներ կառուցելու Արևմուտքի հետ, արդյոք իրականացվող քայլերը Ռուսաստանից հեռանալու քայլեր են և արդյոք դա ինչ-որ իմաստով «երևանյան գարու՞ն» է»։
«Դուք ասացիք, որ մենք կամուրջներ ենք կառուցում արևմուտքի հետ, մենք կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն չունենք, որովհետև այդ կամուրջները միշտ էլ տեղում են եղել, սկսած նրանից, որ Միացյալ նահանգների հետ, իմիջիայլոց, մենք շատ վաղուց սկսել ենք ռազմավարական երկխոսություն, և նախկինում էլ զորավարժություններ են եղել: Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեր հարաբերությունների հետ կապված այդտեղ մենք լիարժեք թափանցիկ ենք:
Մենք երբեք չենք մերժել ու չենք մերժելու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ մեր պետական շահերի հաշվառմամբ հարաբերություններ հաստատելու օրակարգը, բայց մյուս կողմից, ես և մեր քաղաքական թիմը, կամ մեր քաղաքական թիմը և ես, այս առումով ներդաշնակություն ունենք, և կարծում եմ՝ նաև մեր հանրություն ավելի ու ավելի արձանագրում է հետևյալը. եթե մենք ուզում ենք տևական, հավիտենական պետականություն ունենալ՝ մենք առաջին հերթին պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք մեր հարևանների հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար:
Այն մոդելը, որ մենք պրոբլեմներ կունենանք մեր հարևանների հետ և այդ պրոբլեմների մեջ մեզ պաշտպանելու համար կհրավիրենք ուրիշներին, էական չէ՝ որ ուրիշներին, դա խոցելի մոդել է այն առումով, որովհետև այդ ուրիշները որևէ պահի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, շատ դեպքերում չուզենալով, շատ դեպքերում իրենք իրենց խնդիրները լուծելու համար կարող են ուղղակի այստեղ չլինել, կամ նույնիսկ ցանկանալու դեպքում չկարողանալ օգնության հասնել: Հետևաբար, մեր ռազմավարությունն է՝ փորձել ահա այս իրավիճակը, կամ արտաքին օգնությունների անհրաժեշտությունից կախված լինելու մակարդակը հնարավորինս նվազեցնել» , - ասել է վարչապետը։