13/09/2023 22:43
Այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը. Փաշինյան
Այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը, «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մյուս կողմից ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, հիմա Լեռնային Ղարաբաղի իրադրությունն այս պայմաններում ավելի լավ կլիներ: Այսինքն ուզում եմ, որ մենք այս նրբությունը լավ և ճիշտ հասկանանք, և կարծում եմ՝ երկու արձանագրումներն էլ ճիշտ են» , - ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրեն Ռուսաստանի կողմից դավաճանված զգում է։
«Ըստ Ձեզ, Ռուսաստանը ձախողվե՞լ է որպես անվտանգության երաշխավոր» , - հարցին վարչապետն արձագանքել է.
«Գիտեք, ակնհայտ է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում անվտանգային շատ սուր իրադրություններ են տեղի ունեցել՝ շփման գծի խախտումներ, Լեռնային Ղարաբաղի տարածքի ներխուժումներ։ Մենք դեպք ենք ունեցել, երբ գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացին ռուս խաղաղապահի ներկայությամբ սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից։ Եվ գյուղատնտեսական աշխատանքի խոչընդոտներ կան, ի վերջո Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը։
Այս ամենը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության տիրույթում գտնվող հարցեր են: Եվ այս առումով, այնքանով, որքանով այս պրոբլեմներն առաջացել են, այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը: Բայց մյուս կողմից ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, հիմա Լեռնային Ղարաբաղի իրադրությունն այս պայմաններում ավելի լավ կլիներ: Այսինքն ուզում եմ, որ մենք այս նրբությունը լավ և ճիշտ հասկանանք, և կարծում եմ՝ երկու արձանագրումներն էլ ճիշտ են»։