13/09/2023 16:08
Գարիկ Գալեյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. փաստաբան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանին կալանավորելու որոշման դեմ այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Բողոքի հիմքում ներկայացված են մի քանի հիմնավորումներ Նախ կալանավորման հիմքերն են բացակայում: Շեշտադրումը կատարված է կալանքի կրմանը խոչընդոտող հիվանդությունների պայմաններում խափանման միջոց կալանքը ընտրելը: Վկայակոչել ենք նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, երբ համանման առերևույթ հիվանդության պայմաններում անձի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է առանց անգամ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության: Այսինքն՝ դատարանի կողմից այս դեպքով տարբերակված մոտեցումը է ցուցաբերվել Գարիկ Գալեյանի նկատմամբ»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Գալեյանին երկու հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ խուլիգանության և ապօրինի թմրամիջոցի պահման:
Նշենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը Գարիկ Գալեյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել: