14/09/2023 22:53
Գլոմերուլոնեֆրիտ․ Երիկամների բորբոքման պատճառներն ու ախտանշանները
Գլոմերուլոնեֆրիտը երիկամների մանր կծիկների բորբոքումն է: Ավելորդ հեղուկը և նյութափոխանակության արգասիքներ հանդիսացող թափոնային նյութերը, որոնք կծիկները (գլոմերուլներ) հեռացնում են արյան հոսքից, դուրս են գալիս օրգանիզմից մեզի տեսքով: Գլոմերուլոնեֆրիտ կարող է առաջանալ հանկարծակի (սուր) կամ աստիճանաբար (քրոնիկ):
Գլոմերուլոնեֆրիտը զարգանում է որպես ինքնուրույն հիվանդություն կամ որպես մեկ այլ հիվանդության մաս, ինչպիսիք են գայլախտը կամ շաքարային դիաբետը: Գլոմերուլոնեֆրիտի հետ կապված սուր կամ երկարաժամկետ բորբոքումը կարող է վնասել երիկամները: Բուժումը կախված է գլոմերուլոնեֆրիտի տեսակից:
Գլոմերուլոնեֆրիտի գանգատներն ու ախտանիշները կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե առկա է սո՞ւր, թե՞ քրոնիկ ձևը, նաև պատճառից:
Առաջին ախտանշանը, որը կհուշի, որ ինչ-որ բան այն չէ, կարող է ի հայտ գալ սովորական մեզի թեստի արդյունքներից:
Գլոմերուլոնեֆրիտի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
վարդագույն կամ մուգ շագանակագույն մեզ, որի պատճառը մեզի մեջ հայտնված արյան կարմիր բիջիներն են (արյունամիզություն կամ հեմատուրիա),
փրփրոտ կամ պղտոր մեզ՝ մեզի մեջ ավելորդ սպիտակուցի պատճառով (պրոտեինուրիա),
բարձր արյան ճնշում (հիպերտենզիա),
հեղուկի պահպանում (այտուց)՝ դեմքի, ձեռքերի, ոտքերի և որովայնի,
սովորականից քիչ միզելը (օլիգուրիա),
սրտխառնոց և փսխում,
մկանային ցավեր,
հոգնածություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն