14/09/2023 12:50
Բազմաթիվ քաղաքացիների մարզային բնակության հասցեներից հանում և գրանցում են Երևանում. Սողոմոնյան
«ՀայաՔվե» դիտորդական առաքելության շտաբի պետ Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենց կողմից դիտորդական առաքելության ստեղծման պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ում խիստ մտահոգություն կա, որ ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները հայտնվել են անհետացման սպառնալիքի տակ։
«Եվ հետևապես Երևանի ավագանու ընտրություններում մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները՝ թույլ չտալու ժողովրդավարական գործընթացների բռնի ոչնչացումը և իշխանության «ցեմենտման» համար հիմքերի ստեղծումը՝ տիրանալով Երևանի իշխանությանը։ Մեր նախաձեռնության հիմնական թիրախը քվեարկության ընթացքն ու ձայների ամփոփումն է։ Այս պահի դրությամբ կան մտահոգիչ ազդանշաններ, որոնցից երկուսն այս պահին կառանձնացնեմ։ Մեկը այն է, որ բազմաթիվ քաղաքացիների մարզային բնակության հասցեներից հանում և գրանցում են Երևանում։ Դա նշանակում է, որ քվեարկության ընթացքում խնդիրներ են առաջանալու լրացուցիչ քվեաթերթիկների հետ կապված։ Եվ երկրորդը, որն ավելի մտահոգիչ հանգամանք է՝ գումարի, վարձատրության դիմաց գործունեություն իրականացնող բակային գործունյաները կամ տասովչիկները, որոնց թիվը շատ մեծ է, նրանք են այս պահին լծված հավաքագրման աշխատանքներում», - հայտարարեց նա։
Սողոմոնյանը նշեց նաև, որ իրենք դիտարկել են նաև նախընտրական շրջանը. «Մեր դիտարկման թիրախում է ՔՊ-ն, քանի որ իրենց ռեսուրսներով և վարքագծով նրանք ստեղծել են խիստ անհավասար պայմաններ մնացած ուժերի նկատմամբ»։