14/09/2023 15:58
ՀԱԿ-ը շնորհավորում է Արցախի նորընտիր նախագահին, դիվանային զորավարները լավ կանեն չմիջամտեն Արցախի ներքին գործերին. Լևոն Զուրաբյան (Տեսանյութ)
ՀԱԿ-ը շնորհավորում է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին. որևէ կասկած չկա, որ ընտրությունը լեգիտիմ է, սահմանադրական որևէ սկզբունք չի խախտվել։ Արայիկ Հարությունյանը, որ նույնպես լեգիտիմ ընտրված էր, եթե հրաժարական տվեց, պարզ է, որ նոր նախագահ պիտի ընտրվեր. այլ կերպ դժվար է պատկերացնել Արցախում ժողովրդի կազմակերպումը, պաշտպանությունը, նաև հնարավոր չէ պատկերացնել՝ ով պետք է բանակցի Ադրբեջանի հետ, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա գնահատմամբ, ընդունելի չէ Հայաստանից Արցախի ներքին գործերին միջամտելու փորձերը։
«Տաք ու կուշտ պայմաններում «դիվանային զորավարներ» և քաղաքական գործիչներ, չգիտես ինչու, իրենց իրավունք են վերապահում միջամտելու Արցախի ներքին գործերին, արցախցիների փոխարեն որոոշումներ կայացնելու, ինչ-որ մասն ասում է՝ ճիշտը Արցախից դուրս գալն է, մյուս մասը՝ ճիշտը Արցախում մնալն է, մի մասը հորդորում է՝ ազատվել ռուսներից, մի մասը՝ հորդորում՝ ում ընտրել, ում չընտրել. լավ, բա ու՞ր մնաց ինքնորոշման իրավունքը։ Նրանք, ովքեր ՀՀ-ից ուղղորդում են, պիտի հասկանան, որ ընթացքի համար էլ պետք է իրենք պատասխանատվություն ստանձնեն», - ասել է Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահն ընդգծում է՝ արցախցիներն են իրենց ճակատագրի տնօրինողը, իրենք են որոշում կայացնողները, իրենք են այնտեղ ապրում.
«ՀՀ-ից ի՞նչ վստահությամբ են Արցախին խորհուրդներ տալիս, այդ մարդիկ իրապես գիտակցու՞մ են՝ ինչ է կատարվում Արցախում, որևէ մեկն իրավունք չունի ՀՀ-ից թելադրելու՝ որն է ճիշտ, որը սխալ։ Միակ բանը, որ մենք իրավունք ունենք անել՝ աջակցել արցախցիների պայքարին, հարգել կայացրած որոշումները։ Ինչ բանավեճ էլ, որ կա օրակարգային հարցերի շուրջ, այդ բանավեճի իրավունքն ունեն միայն Արցախում ապրողները»։