14/09/2023 19:10
Բնակչությանը պետք է քարոզենք ՆԱՏՕ-ին անդամակցելու առավելությունները․ Մոլդովայի վարչապետ
Մոլդովայի իշխանությունները պետք է քարոզչություն սկսեն՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության օգուտները բնակչությանը բացատրելու համար, Jurnal TV-ի եթերում ասել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը՝ հավելելով, որ առայժմ երկրի բնակչության մեծ մասը դեմ է Սահմանադրության մեջ ամրագրված մշտական չեզոքության դրույթը վերացնելուն, որով Մոլդովան ձեռնպահ է մնում որևէ ռազմական դաշինքի անդամակցելուց։
«Բնակչությունը չգիտի, թե ինչ է ՆԱՏՕ-ն։ Մեզ պետք են այս քննարկումները, մեզ պետք է բնակչությանը բացատրել, թե ինչ է հավաքական անվտանգությունը, բացատրել անվտանգության նշանակությունը, հասկանալ, թե որ երկրները կարող են իրենց թույլ տալ անվտանգության ոլորտում անհրաժեշտ ներդրումներ կատարել, որոնք՝ ոչ»,- ասել է նա։
Մոլդովայի վարչապետը հավելել է, որ երկրի կառավարությունն արդեն սկսել է բանակում կիրառել ՆԱՏՕ-ի չափանիշները։
«Մենք մեծացնում ենք ներդրումները բանակում, ավելացնում ենք ներդրումների ծավալը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներից և բուն դաշինքից՝ եվրոպական անվտանգության մեխանիզմների միջոցով, և մենք շարունակելու ենք այդ կուրսը»,- ասել է Ռեչանը։
Ավելի վաղ էլ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն էր հայտարարել, որ բնակչության հետ անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել՝ Սահմանադրությունում չեզոքության դրույթը վերացնելու և Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարցերի շուրջ։