14/09/2023 23:02
Պետդեպը ցանկանում է ոչ այնքան հայ-ամերիկյան գործընկերությունը զարգացնել, որքան Հայաստանից կերտել «հակառուսաստան»՝ «նոր Ուկրաինա»․ Էդուարդ Շարմազանով
Արևմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան», գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման ու Արեւմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով, ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։
Ավելին, նիկոլիստները հերքեցին Արեւմուտքի կողմից հայ-ռուսական դաշինքը թուլացնելու մասին լուրերը։
Բայց այսօր արդեն ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հստակ ասել է․ «մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի»։
Այստեղ առանցքայինը «ի հակադրություն Ռուսաստանի» խոսքերն են։
Փաստորեն, ԱՄՆ Պետդեպը ցանկանում է ոչ այնքան հայ-ամերիկյան գործընկերությունը զարգացնել, որքան Հայաստանից կերտել Ռուսաստանի նոր հակառակորդի կերպարը՝ Նոր Ուկրաինա։
Մենք ի վերջո պետքե սթափվե՞նք, թե՞՝ ոչ։
Այս ամենի վտանգները հաշվարկե՞լ ենք։
Իսկ քաղաքականությունից բան չհասկացող Նիկոլ Փաշինյանին, ով բողոքում էր իր տիկնոջ Ուկրաինա այցն անհարկի քաղաքականացնելու մեջ, ասեմ, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն է ասել, որ « Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային» ։
Հիմա ի՞նչ, ԱՄՆ Պետդեպն է՞լ է անհարկի քաղաքականացնում…
Հ.Գ. Ասել եւ ասում եմ՝ ՀՀ անվտանգային եւ արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների նորոգումն ու ամրապնդումը»։