14/09/2023 19:33
Ուկրաինան Արայիկ Հարությունյանին մեղադրում է իր ազգային անվտանգությանը սպառնալու մեջ
Ուկրաինական հայտնի «Միրոտվորեց» հարթակում է ընդգրկվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի անունը։ Հարթակը, որն Ուկրաինայում հռչակված է որպես «Ուկրաինայի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնի ինտերնետային ներկայացուցչություն», հրապարակում է անձանց տվյալներ, որոնց Ուկրաինան մեղադրում է իր դեմ գործողություններ իրականացնելու մեջ։
Արայիկ Հարությունյանին հարթակում ներկայացնելով որպես «Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության պուտինամետ կեղծ նախագահ», ով պաշտոնավարել է 2020-23 թվականներին, մեղադրում են ռուսական քաղաքական կուրսին աջակցելու, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները Ռուսաստանի կազմում ընդգրկելու փաստը ողջունելու մեջ։
«Միրոտվորեց» հարթակն իր հրապարակումը համարում է «հանցագործության մասին հաղորդում» և Ուկրաինայի իրավապահ մարմիններին հորդորում հետամուտ լինել հրապարակման մեջ նշված փաստերին։