14/09/2023 21:43
Մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը․ ունկնդիրները բուռն ծափողջույններով դիմավորեցին գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին (Տեսանյութ)
Սեպտեմբերի 14-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած շքեղ համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միաժամանակ ազդարարեց 7-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի և 18-րդ համերգաշրջանի սկիզբը: Ինչպես և ակնկալվում էր, համերգն անցավ ամբողջությամբ լրացված դահլիճով և երաժշտասերների ու երաժիշտների ստեղծած ջերմ մթնոլորտում: Առանձնահատուկ բուռն ու հուզիչ ծափողջույններով ունկնդիրները դիմավորեցին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, որի արձագանքը նույնքան ջերմ ու անկեղծ էր՝ թեև փոքր-ինչ քողարկված դիրիժորներին բնորոշ բեմական զսպվածությամբ:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգի մենակատարն էր ամերիկացի վիրտուոզ ջութակահար Սթիվեն Ուորթսը, որը հանդես է գալիս աշխարհի բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի հետ և համընդհանուր համակրանք վայելում բարձրակարգ վարպետության և կատարման առանձնահատուկ գեղարվեստականության համար: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նրա փայլուն կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Carpe Diem» ստեղծագործությունը ջութակի և նվագախմբի համար: Դե իսկ համերգի բացմանը նվագախմբի կատարմամբ հնչեց Խաչատրյանի հանրահայտ «Հանդիսավոր պոեմը»:
«Արմենիա» միջազգային փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մաեստրո Սմբատյանը հատուկ կարևորություն է տվել միջազգային ամենամյա փառատոնի բացման համերգի առանցքում Խաչատրյանի երաժշտությունը ներկայացնելուն՝ այդ կերպ ևս մեկ անգամ մեծ կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանի վրա միջազգային լսարանին ուշադրությունը գրավելու համար:
«Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 11-ը և կներառի յոթ համերգ՝ միջազգային ճանաչում վայելող մենակատարների և դիրիժորների մասնակցությամբ: «Արմենիա» փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն