14/09/2023 19:53
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում ճնշող մեծամասնությամբ ընդունել է հրատապ բանաձև «Ադրբեջանում ազատազրկված Գուբադ Իբադօղլուի դեպքի» վերաբերյալ։
Բանաձևի ընդունմանը նախորդել է թեմայի շուրջ բանավեճ-քննարկում, որի ժամանակ խորհրդարանում հիմնական քաղաքական ուժեր ներկայացնող 13 պատգամավորներ, խոսելով իրենց խմբակցությունների անունից, նշել են Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խախտումներն ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումները, կոչ են արել ԵՄ բարձր ներկայացուցչին, ԱԳԵԾ-ին և ԵՄ անդամ պետություններին պայմանավորել Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների և գործընկերության զարգացումը բոլոր քաղբանտարկյալների ազատարձակմամբ, ինչպես նաև կոչ են արել Մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի ներքո ԵՄ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք իրագործել են մարդու իրավունքների լրջագույն խախտումներ։
Խորհրդարանի անդամները ևս մեկ անգամ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արցախի Հանրապետության 120 000 հայ բնակչությունը դեռևս գտնվում է էթնիկ զտման վտանգի առջև և որ Լաչինի միջանցքն արգելափակված է։ Մի քանիսն ընդգծել են, որ միջանցքի վերաբացման վերջին ինքնահռչակ պատրաստակամությունը ոչ այլ ինչ էր, քան տարածաշրջանն ամբողջությամբ կլանելու հերթական փորձ՝ լայնամասշտաբ էթնիկ զտումների վտանգի ներքո։ Այս համատեքստում նշվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից Ադրբեջանին «վստահելի գործընկեր» որակելու անընդունելի եզրույթը։